ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երկնքում թևող հավքերը

Երկնքում թևող հավքերը
11.10.2024 | 10:19

Մեզանից շատերն են մոռացել, բայց վաղուց այսպիսի մի ասույթ կար՝ հեգնական տոնով ասվող. երկնքում էլ շա՜տ գեղեցիկ թռչուններ կան...

Հայերիս ողբերգությունն է, որ անընդհատ այդ գեղեցիկ թռչուններին ենք նայել ու ձգտել անպայման բռնել ու ոտքը կապել մեր տան շեմին:

Դեմ չեմ, էլի բռնենք, բայց դա այնքան կարճ է տևելու ու խաբուսիկ, նրանք էլի թռչելու են, իսկ դու մնալու ես նորից կոտրած տաշտակի առաջ, եթե քո բադերին, հավերին ու սագերին չխնամես, նրանց օգտակարությանն ու հարմարավետությանը չապավինես:

Կոպիտ ու վիրավորակա՞ն է հնչում մեր երկնային մտքերին ու ճաշակին, բայց այդպես է:

Մի դեպք հիշեցի, ինչը չէի էլ մոռացել. 9-10-ը տարեկան էի, տատիս ու պապիս մոտ, հայրենի գյուղում:

Տատս ինձ էր վստահել նորելուկ դեղնաբմբուլ ճտերին՝ թուխսի հետ, որ հսկեմ նրանց, անգղը չգա ու չտանի: Ինքը իջել էր ձոր, «Գյունեյ թաղը»՝ գիլաս քաղելու:

Պատվիրել էր՝ հենց օդում երևան անգղերը, թևերս թափահարեմ, կանչեմ՝ վի՜հա, վի՜հա ու՝ քշեմ նրանց:

Մոռացած պատվիրանը՝ երկնքում տեսա մի չքնաղ թռչուն, ցածր էր թռչում, համարյա բալենու ճյուղերին քսվելով: Գայթակղությունը մեծ էր՝ նրան բռնելու…

Քիչ անց հենց գլխավերևս էր թռչում՝ խոշոր, հազարագույն և այնքան սիրուն:

Անսպասելի՝ գոմի բացված դռնից սուրաց ներս, նետվեցի ու ներսից ծածկեցի դուռը, տասնյակ անգամ ձեռքիս քսվելով՝ ցատկոտում էր…Համարյա բռնված, իմն էի համարում:

Մթության մեջ, ընդամենը մի փոքրիկ անցքից աղոտ թափանցող լույսի տակ Հազարան բլբուլս կույր հավի պես ծեփվում էր գոմի ցածր պատերին ու առաստաղին:

Ինչքան սարդի հյուսած մանդիլներ, փոշի ու ծեղեր կային՝ օդ էին թռչում, թափվում գլխիս, բայց ուշադրություն չէի դարձնում: Երևի մի կես ժամ նրան բռնելու գործով էի զբաղված:

Ի վերջո, մի ակնթարթ հայտնվեց բռանս մեջ. Ի՜նչ երջանկություն էր, բայց երկար կտուցով այնպես կծեց, որ չհասցրի ճռռոցով բացված գոմի դուռը ծածկել:

Թռա՜վ՝ մի մեծ ցավ ու հիասթափություն թողնելով ինձ:

Դուրս եկա գոմից՝ կոտրված սրտով, ծեղերով ու մանդիլներով պատված. փորձում էի դրսում շարունակել պայքարը, ավաղ…Այդ հազարագույնն այնպե՜ս բարձր էր թռչում, որ անմիջապես անհետացավ տեսադաշտից:

Այդպիսի չքնաղ թռչուն, որ համարյա ափիս մեջ էր, այլևս չպատահեց:

Ճարահատ վազեցի ձանձրալի ճտերի մոտ, որ թխսի հետ աջ ու ձախ ընկած՝ տասնյակներով ճվճվում էին բակում:

Մի երկուսին տեսա գետնին փռված՝ տոտիկները թույլ թափահարելիս, թուխսը բարձր կռնչում էր, բայց ոչինչ չէր կարող անել, նրան էլ էին փետրահան արել, կողքը «վիհա» կանչող չի եղել…

Գլուխս բարձրացրի՝ երեք-չորս անգղ էին վեր, ավելի վեր թռչում դեպի բարձրադիր ժայռեր՝ ճանկերից դեղնափրփուր ճտեր կախված, իսկ նրանցից մեկն էլ գլխիվայր մոտենում էր անօգնական ճտերին:

Այնքան հուսահատ ու զայրացած էի իմ ձախորդությունից, որ նույնիսկ փորձ չարեցի «վիհա» կանչելու, վիրավոր ճտերին հավաքելու, շոյելու նրանց վերքերը կամ գոնե՝ տանելու տուն:

Կեսօրին տատս եկավ, դեռ հեռվից աչքի չափով որոշեց, որ տասը ճուտ է պակասել, իսկ ուռած մատիս տըխտկորնի տերև դրեց ու կապեց, որ չթարախակալի:

Նա կարծեց, թե «վիհան» է մատս կծել, երևի հպարտացավ, որ մարտնչել եմ՝ հանուն ճտերի և վիրավորում ստացել:

Նրա մտքով չանցավ էլ, որ հիմար թոռը կարող է գոմում մարտ մղել՝ երկնքում թևող ինչ-որ մի գույնզգույն սրակտուցի համար, որից ոչ մի օգուտ չկա՝ վնասից բացի:

Մինչդեռ, ինչ էր ինձանից պահանջվում, ընդամենը մի երկու ժամ անգղը երևալիս՝ «վիհա» կանչել և թխսի կողքից շատ հեռու չգնալ, մինչև որ տատս կգար, ու տան ամենահաղթ ոգին նորից կարթնանար:

Մեղքի ցավն է մնացել այդ օրից, ինչի համար հետագա կյանքում, կարծում եմ, լիուլի հատուցեցի՝ ճիշտ այդպիսի թռչող գեղեցիկ ու կծող հավքի, անգղերի պատահելով:

Ահա, այդպիսինն են հեռավոր երկնքում թևողները՝ գիշատիչ և անծանոթ անգղեր, ճուռակներ, գույնզգույն և կծող սրակտուցներ՝ որքան էլ սիրուն ու գայթակղիչ:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 9261

Մեկնաբանություններ